Կենսաբանություն
Կաթնասուններ (լատ.՝ Mammalia), ողնաշարավոր կենդանիների դաս, որի գլխավոր առանձնահատկությունը ձագերին կաթով կերակրելն է[1]։ Դասը մտնում է քառոտանիների վերնադասի Synapsidomorpha խմբի մեջ։ Ըստ կենսաբանների գնահատումների՝ հայտնի է ժամանակակից կաթնասունների մինչև 5500 տեսակ[2], որոնց շարքին է պատկանում Բանական մարդ տեսակը (լատ.՝ Homo sapiens), կաթնասունների ընդհանուր թիվը, ներառյալ անհետացած ձևերը, գերազանցում է 20000-ը[3]։
Կաթնասունները տարածված են գրեթե ամենուրեք։ Առաջացել են բարձր զարգացում ունեցող սինապսիդներից տրիասի ժամանակաշրջանի վերջում։ Կաթնասունների շարքին են դասվում միանցքանիները, պարկավորները և ընկերքավորները, ինչպես նաև մեծ թվով անհետացած խմբեր։ Կաթնասունների դասին պատկանող ժամանակակից տեսակները միավորված են 26-29 կարգերում։ Զարգացման բարձր մակարդակի է հասել նյարդային համակարգը, հատկապես մեծ կիսագնդերի կեղևը։ Բեղմնավորումը ներքին է, ծնում են կենդանի ձագեր (բացառությամբ նախագազանների) և նրանց կերակրում կաթով։ Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, իրանը գետնից բարձր է։
Կաթնասունների արտաքին տեսքը շատ բազմազան է, բայց ընդհանուր առմամբ համապատասխանում է մնացած քառոտանիներին բնորոշ կառուցվածքային պլանին։ Կաթնասունների անատոմիան և ֆիզիոլոգիան բնութագրվում է այն նույն ֆունկցիոնալ համակարգերի առկայությամբ, ինչ որ մյուս քառոտանիների մոտ։ Սակայն այդ համակարգերի մեծ մասը հասել են զարգացման բարձր մակարդակի, և կաթնասունները համարվում թեն ողնաշարավորների ամենաբարձր կարգավորված ենթադասը։ Բնակության տարբեր պայմանների կյանքին կաթնասունները հարմարվել են տարբեր կերպ, նրանց վարքագիծն առանձնանում է բարդությամբ և բազմազանությամբ։ Նրանք դոմինանտ տեղ են գրավում վերգետնյա ֆաունայում (ջրային միջավայրում նրանք զիջում են միայն ճառագայթալողակ ձկներին)։ Կաթնասունները կարևոր դեր ունեն մարդու կյանքում և տնտեսական գործունեությունում։ Նրանք հանդիսանում են սննդի կարևոր աղբյուր, ինչպես նաև արտադրական հումք, կատարում են տրանսպորտային ֆունկցիա, ծառայում են որպես քարշող ուժ, օգտագործվում են որպես լաբարատոր կենդանիներ և ընտանի կենդանիներ։
Լատիներեն անվանումը՝ Mammalia, ծագում է լատ.՝ mamma — «կուրծք, կուրծ» բառից[4] (տրվել է կաթնասունների բոլոր ներկայացուցիչների մոտ կաթնագեղձերի առկայության պատճառով)[5]։ Նույն իմաստն ունեն նաև ֆր.՝ mammifères, իսպ.՝ mamíferos, իտալ.՝ mammiferi, պորտ.՝ mamíferos, էսպերանտո՝ mamuloj (անգլ.՝ mammals փոխառություն է լատիներենից)։ «Կաթով սնող» իմաստն ունեն գերմ.՝ Säugetiere, հոլ.՝ zoogdieren, ռուս.՝ млекопитающие բառերը, «կաթ ծծող» իմաստը՝ լեհ.՝ ssaki, ուկր.՝ ссавці բառերը։ Կաթնասունների ուսումնասիրությամբ զբաղվում է թերիոլոգիա (մամալիոլոգիա) գիտությունը[6]։
Comments
Post a Comment