Մեծ Պահք
Պահք, պաս, պահոցօրեր, պահեցողություն, ծոմ, ծոմապահություն, որոշ կրոններում ուտելիքի կամ դրա առանձին տեսակների համար որոշակի ժամկետով սահմանված արգելք, կերակուրներից լրիվ կամ մասնակի հրաժարում (պահեցողություն)։ Պահքի արտահայտած մյուս իմաստն ինքնաքննության ու խոկումի ժամանակաշրջանն է, հատկապես Մեծ պահոց շրջանը, երբ հավատացյալները ոչ միայն կերակուրներից են հրաժարվում, այլև՝ հեռու են մնում մարմնական հաճույքներից, ապաշխարությամբ ու աղոթասացությամբ չափավոր, զուսպ կյանք վարում։ Պահք հիմնավորվում է մարմնի հանդեպ հոգու առաջնայնության ուսմունքով։ Քրիստոնեական, մուսուլմանական, հուդայական կրոններում Պահք հավատի ամրապնդման միջոց է, որն ունի նաև մաքրագործական և ճգնակեցական նշանակություն։ Պահք քրիստոնեական եկեղեցու կյանքի կարևոր երևույթներից է։ Բազմիցս վկայված է Աստվածաշնչում, ինչպես նաև «Նոր կտակարանում» երկնքի արքայությանն արժանի դառնալու և մեղքերից թողություն ստանալու համար։ Ներկայումս նույնացված Պահք և ծոմ բառերը նախկինում տարբեր իմաստներ են արտահայտել։ Ծոմ նշանակել է օրական մեկ անգամ ուտելով պաս պահել, իսկ Պահք ընդհանրապես կերակուր չուտել։ Ներկայումս Պահք արտահայտում է պահեցողության այն տեսակը, որի ընթացքում թույլատրվում է գործածել բուսական ծագում ունեցող կերակուրներ զերծ մնալով ամեն տեսակ մսեղենից ու կաթնեղենից։
Comments
Post a Comment